Ոստիկանության բաժիններում մարդկանց նկատմամբ կիրառվում են խոշտանգումներ, առկա է անմարդկային կամ արժանապատվությունը նվսատացնող վերաբերմունք: Այս ամենը արտահայտվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններով: Այս մասին փաստում են «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» ուսումնասիրության արդյունքները, որը պատրաստել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն: Զեկույցը ներկայացնում էր ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Զեկույցում նշվում են ֆիզիկական բռնությունների դրսևորման ամենադաժան ձևերը՝ ծեծել են ոտքով, հարվածել են ոտքերին, գլխին, երիկամներին, էլեկտրահարել են էլեկտրաշոկով, գրքով խփել են մեջքին, մահակով՝ ոտքերի տակ, հարվածել են ատրճանակի բռնակով, գլուխը խփել են «պառավոյին», ծեծել են «մուչագիով» և այլն: Նման վերաբերմունքի զոհ են դառնում ոչ միայն կասկածյալները, այլև վկաները:
Զեկույցի հեղինակները զրույցներ են անցկացրել կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ: Ըստ հարցվածների՝ բերման ենթարկելուց հետո մարդկանց հիմնականում նրանց իրավունքներին չեն ծանոթացրել, չեն պարզաբանել պաշտպան ունենալու իրավունքը, ձերբակալման արձանագրության պատճենը չի տրամադրվել: Սկզբնական շրջանում հարցվածների հիմնական մասը պաշտպան չի ունեցել: Բերման ենթարկվածները նաև հեռախոսազանգից օգտվելու հնարավորություն չեն ունեցել:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնության դեպքերը հիմնականում գրանցվում են մինչև բուն հարցաքննությունը և քննիչի մոտ տանելը:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ հարցաքննության ժամանակ, բացի քննիչից, ներկա են եղել նաև ոստիկանության այլ աշխատակիցներ, որոնց թիվը մի քանի դեպքում հասել է մինչև 10-ը:
Հարցումները ցույց են տվել, որ ազատազարկվածները հիմնականում զգուշանում են բողոքելուց՝ իրենց վիճակը չվատթարացնելու համար, կամ պարզապես թերահավատ են, որ որևէ փոփոխություն կլինի:
2011 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի Ձերբակալվածների պահման վայրեր են տեղափոխվել 136 մարդ, որոնցից 37 ՁՊՎ են տեղափոխվել մարմնական վնասվածքներով: Տեղափոխվածներից 3-ն են օգտվել փաստաբանի ծառայությունից, ևս 3-ի փաստաբաններ այցելել են ՁՊՎ՝ քննիչների ուղեկցությամբ:
Զեկույցի հեղինակները իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար մոտ 3 տասնյակ առաջարկություններ են անում: Նրանք նշում են, որ հարցաքննությունը հարկ է իրականացնել հատուկ նախատեսված, տեսախցիկներով հագեցած սենյակներում, պետք է տեսաձայանգրվի հարցաքննության ողջ ընթացքը, քրեական գործով անձին որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու դեպքում պաշտպանի մասնակցությունը դարձնել պարտադիր, նվազեցնել դատախազական հսկողությունը հետքննության և նախաքննության նկատմամբ: