Ընդդիմությունը կարող է կասեցնել քաղաքական մենաշնորհը, կարող է հաջողության հասնել, եթե ընդդիմադիր ուժերը չվարվեն այնպես, ինչպես արել են փետրվարի 18-ին և դրանից հետո սկսված ժողովրդական շարժման ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ մինչ այժմ ոչ իշխանական ուժերը ցուցաբերել են քաղաքական էգոիզմ՝ հայտատարելով, որ կողմ են ժողովրդական շարժմանը, սակայն ամեն ինչ արել են շարժումը տապալելու համար:
Ռուբեն Հակոբյանը հիշեցերել է ՀԱԿ համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը, Հակոբյանի խոսքով, քաղաքական մահախոսական էր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու են ընդդիմադիր ուժերը հայտարարում, թե մի թիրախ ունեն՝ իշխանությունը, սակայն միմյանց էլ են քննադատում, Հակոբյանն ասել է, որ դա նման է սեղանի մոտ նստած ձեռքով բարևելուն և ոտքով հարվածելուն:
«Քաղաքական երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Իրենց քայլերը նպատակաուղղված էին, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը», – ասել է Ռուբեն Հակոբյանը:
Այնուհանդերձ, «Ժառանգության» անդամը ասել է, որ իրենք քինախնդիր չեն ու չեն բացառում ընդդիմադիր ուժերի միավորման հեռանկարը, քանի որ հասկանում են՝ երկրի համար կարևոր է մենիշխանությունը կանխել:
Ոչ իշխանական ուժերը, ըստ Հակոբյանի, կարող են հաջող համագործակցել, եթե օրենքի սահմաններում գործեն:
Պարզաբանելով՝ բանախոսը հիշեցրել է «անփառունակ» միասնական շտաբը, որը ձևավորվել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նրա խոսքով՝ անիմաստ է ընտրակեղծիքների դեմ պայքարել և միաժանանակ օգտվել կեղծիքների նույն մեթոդներից, մասնավորապես, ընտրակաշառքից: Հակոբյանն ասել է, որ իմաստ չունի իշխանափոխությունը փոխել, եթե գալու են այլ կեղծարարներ: