Մամուլի ազատության օրվգա առթիվ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «մամուլի ազատության թշնամիների» ցուցակը: Ցուցակում ընդգրկվածներին հաճախ նաև անվանում են «տեղեկատվության ազատության գիշատիչներ»:
Կազմակերպությունն այս տարի ցուցակում 39 երկրների ղեկավարների անուններ է ընդգրկել:
«Մամուլի գիշատիչներն ավելի ակտիվ են դառնում: 2012 թվականին մամուլի ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնությունը աննախադեպ մակարդակի է հասել, ռեկորդային թվով լրագրողներ են սպանվել», – հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը:
Ամենից շատ թվով «մամուլի գիշատիչներ» կան Պակիստանում՝ 3: Ռուսաստանում, Ադրբեջանում, Իրանում և Սիրիայում դրանք երկուսն են: Հայաստանից ցուցակում ոչ ոք չի հայտնվել:
Ինչպես և նախորդ տարի ցուցակում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա համախոհ, Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովը: Ռուսաստանից «գիշատիչներն» են նախագահ երկրի Վլադիմիր Պուտինը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Իրանից ցուցակում են հայտնվել այաթոլա Ալի Խամենեին և երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ցուցակում են ընդգրկվել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենիստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը:
Կազմակերպության զեկույցում նշվում են Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նախագահները, Եգիպտոսույմ իշխող «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը, իտալական մաֆիան, «Թալիբան» ծայրահեղական մահմեդական խմբավորման առաջնորդ Մուլա Օմարը: