Մայիսի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է արտահայտման ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
Մայիսի 3-ը որպես Մամուլի ազատության համաշխարհային օր հռչակվել է ի պատիվ Վինդհուկի հռչակագրի: 1991 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հավաքվել են «Զարգացնելով անկախ և բազմակարծիք աֆրիկյան մամուլը» ՅՈՒՆԵՍԿՈ-ի սեմինարի շրջանակներում, որի արդյունքում մայիսի 3-ին հռչակագիր են ընդունել, որը վերաբերում է աֆրիկյան ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող հետապնդմանը և գրաքննությանը: Այդ հռչակագրի ընդունման կապակցությամբ ՄԱԿ-ը հայտարարել է մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր:
Մինչ աշխարհում նշում են մամուլի ազատության օրը, Freedom House միջազգային կազմակերպությունը Հայաստանի մամուլը ոչ ազատ է գնահատում: Չնայած 2013 թվականի զեկույցում կազմակերպության ներկայացուցիչները մեր երկրում մամուլի ազատության մակարդակի առումով որոշակի առաջընթաց են արձանագրել, այնուամենայնիվ, Հայաստանը գտնվում է 134-րդ հորիզոնականում 191 երկրների շարքում:
Այս տարվա ապրիլի 19-ին լույս տեսած ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցում Հայաստանում մամուլի ազատության վիճակը նույնպես ոչ բավարար է գնահատվել:
Զեկույցի հեղինակները, մասնավորապես, նշում են, որ «Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանում է երկրում ազատ արտահայտվելու և մամուլի ազատությունը»:
Պետդեպի փորձագետներն ընդգծում են նաև, որ տպագիր ԶԼՄ-ներում քաղաքական կարծիքների բազմազանության և օբյեկտիվ լուսաբանման պակաս կա, քանի որ թերթերը հիմնականում պատկանում են անհատներին և արտահայտում են նրանց կամ այլ ֆինանսական աջակիցների տեսակետները:
«Այդ մարդիկ հետաքրքրված չեն ազնիվ և հավասարակշիռ լրատվություն ապահովելու մեջ: Միայն սահմանափակ թվով թերթեր են կարողանում գործել որպես ինքնաֆինանսավորվող և որակյալ հաստատություններ», – նշված է զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է, որ օնլայն լրատվամիջոցները այլընտրանքային տեղեկատվության աղբյուր են հանդիսանում, և, ի տարբերություն հեռուստատեսությանը, այստեղ հնարավոր է քաղաքական գնահատականների բազմազանություն տեսնել: