Ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՔԾ-ից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Հարությունյանի դին հայտնաբերվել էր մայիսի 2-ին, 09:30-ի սահմաններում հոր գերեզմանի մոտ կայանված ավտոմեքենայում: Նա մահացել էր գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:
Ինչպես հաղորդել էր ԱԻ նախարարությունը, Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի եղել: