Ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության ու դրա հետևանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:
– Պարոն Ղուկասյան, այս ի՞նչ խառնաշփոթ և վախի մթնոլորտ եք ստեղծել Գյումրիում: Ի՞նչ է կատարվում Ձեր և ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հարազատների միջև, ինչպե՞ս կբացատրեք մարդկանց օրը ցերեկով ահաբեկելու Ձեր հարազատների վարքը:
– Հիմա ասեմ, Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը լսե՞լ ես:
– Այո, լսել եմ:
– Ապրես, որ լսել ես: Նախավերջին քառատողը գիտե՞ս:
– Իսկ Դո՞ւք:
– Ամենողորմ Տեր, ողորմիր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողություն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. և ողորմիր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Էսքան բան, էլ բան չունեմ ավելացնելու:
– ԱՄԵՆ: Բայց, ի վերջո, չհասկանա՞նք, թե ինչ է կատարվում: Ձեր գերդաստանի անունն ամեն տեղ թնդում է: Ավելին՝ Ձեր եղբոր տղան՝ Վահե Ղուկասյանը, խոստովանել է, որ մարդասպան է:
– Ով ինչ արել է, պետք է պատասխան տա: Օրենքի առաջ բոլորը պետք է պատասխանատու լինեն, ոչ ոք արտոնյալ չպետք է լինի: Ես այդպես ապրում եմ, այդպես գիտեմ և այդպես էլ ճիշտ եմ գտնում: Դատապարտում եմ այդպիսի գործառույթները, այդպիսի ձևերով հարցեր լուծելը, բայց հետագայում կտեսնենք, թե ինչ ցույց կտան քննչական արդյունքները:
– Եթե պատասխանատվության հարց եք բարձրացնում, այս դեպքում Ձեր եղբոր տղան է ձերբակալվածը, ուրեմն ընդունո՞ւմ եք, որ նա է մեղավոր:
– Կանցնի, կերևա՝ մեղավոր է, թե մեղավոր չէ:
– Ի՞նչը կանցնի, ինչի՞ եք սպասում:
– Ես գիտեմ միայն, որ ինքը 23 տարեկան տղա է ու երբեք նման հարցերի շուրջ չի մեղադրվել ոչ մի անգամ:
– Միգուցե եղել է՝ Դո՞ւք չգիտեք:
– Դատական պրոցեսները ցույց կտան:
– Լավ, հասկացանք, սպասում եք դատական գործընթացների ավարտին, բայց գյումրեցիների համար կատարվածը զարմանալի չէր, քանի որ նշում են, որ Ձեր և Մարտուն Գրիգորյանի միջև հակամարտությունը մշտապես եղել է, ավելին՝ ապրիլի 23-ի կրակոցները Ձեր փեսայի սպանության հետ են կապում:
– Նման բան չկա: Մենք նրանց հետ թշնամիներ չենք: Այս պահին էլ ես իրենց թշնամի չեմ ճանաչում: Ինձ հասկանալի է, թե ինչ կապ ունեն նրանք կամ ում ինչ արել են՝ գնացել է և պատասխանատվություն է կրում: Կրկնում եմ՝ մենք թշնամիներ չենք, իր հորեղբայրը մեր ընկերն է` Համլետ Գրիգորյանը: Մենք ընտրությունների ժամանակ իրենց ենք պաշտպանել, և էն գլխից էլ, որ Մարտուն Գրիգորյանը պատգամավոր դարձավ, մենք իրեն ենք պաշտպանել և թշնամիներ չենք: Թշնամիներ լինում են քաղաքականության մեջ՝ «Բարգավաճ»-Հանրապետական, չգիտեմ ինչ, այդ սկզբունքներով գնում են առաջ: Բայց մենք թշնամի չենք, և մեր թշնամիներին էլ թող Աստված իմաստություն տա: Հավատա ինձ, ես թշնամի չունեմ, և որևիցե տղա իմ թշնամին չէ: Ում երակների մեջ հոսում է հայի արյունը, նա թշնամի չունի, միգուցե իրենք այդպես են մտածում, բայց ես չունեմ:
– Եթե թշնամի չունեք, ինչպե՞ս կբացատրեք կրակոցները, ինչին ականատես եղան գյումրեցիները:
– Ես ոչ մի բան չգիտեմ: Խաղաղություն ամենեցուն, և եթե լինում են նման դեպքեր, խելացի մարդը դատապարտում է: Եվ ում էլ որ մեծն է հրահրում, և ով էլ որ հրահրում է երիտասարդներին նմանատիպ բաների, ապա կասեմ, որ այդ մեծը Աստծուց պետք է սատակի:
– Փաստորեն, երիտասարդներին հրահրե՞լ են: Ո՞վ:
– Էլ մի լեզվիդ ճարտարություն արա: Այսքան բան կասեմ քեզ և մի բան էլ. նա, ով չի կանխում այս ամենը, նա լավ մարդ չէ:
– Իսկ այդքան զենք-զինամթերք, թմրանյութ, որ հայտնաբերվեց նաև Ձեր հարազատների մոտ, դա ո՞նց եք բացատրում:
– Դա ինձ հետ կապ չունի, ասի վերջ: Ցտեսություն: