Ռեժիմի պարագլուխը ընտրություններից հետո փորձելու է ձերբազատվել կրիմինալ օլիգարխիայից` փոխարինելով այսպես ասած երիտասարդ օլիգարխիայով` փողկապերով օլիգարխիայով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛» արտահայտությունը:
«Սա նախօրոք որոշված ծրագիր է, որը, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը խոսք է տվել իր տերերին, և բոլորս եկող ժամանակներում ականատես ենք լինելու, թե այս կլանը կամ այն կլանը ինչպես է զինաթափվելու, բանտարկվելու կամ վռնդվելու և այլն և այլն: Բայց, ինչպես ասացի, ինչով որ փոխարինվելու են, դրանով ոչ մի օգուտ չի լինելու, այսինքն շարունակելու են մեր երկիրը կառավարել արտաքինով շատ ավելի քաղաքակիրթ մարդկանց միջոցով, բայց ըստ էության կեղեքումը շարունակվելու է: Հիմնականում դա տեղի է ունենալու բանկերի միջոցով, վաշխառուական մեթոդներով, որն այսօր էլ կա և շարունակվելու է: Իսկ պատկերացրած Հայաստանում վաշխառուական բանկեր չի լինելու, վաշխառությունը արգելվելու է , տոկոսային հասկացողությունը մեր պատկերացրած երկրում, տնտեսությունում չի լինելու: Կուզեմ ասել, որ շատ պետք չէ ուրախանալ և որգևորվել այսօրվա կրիմինալին զինաթափ անելուց: Պետք է զինափաթվեն, դա շատ լավ է, բայց արտագաղթը կանգնեցնելու իմաստով որևէ գործ չի արվում, այլ ընդհակառակը հստակ ծրագրավորված խնդիր է դրված հայաթափել մեր երկիրը: Դա փաստ է», -ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
«Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը, նրան լրացնելով, նշել է, որ ուղիղ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սուլթանը տապալվեց, և հայ պատգամավորները, մտավորականները շատ ուրախ էին և համագործակցում էին երիտասարդ թուրքերի հետ, նույնը 100 տարի անց կատարվում է Հայաստանում` 3-րդ հանրապետությունում:
«Սուլթանին կարող է տապալեն, որպեսզի նստեն երիտհայերը, և էդ երիտհայերի դեմքերը դուք արդեն տեսել եք», – ասել է Խզմալյանը:
Ժիրայր Սեֆիլյանն էլ կարծիք է հայտնել, որ հայաթափման ծրագրի կատարողը Տիգրան Սարգսյանն է. «Տիգրան Սարգսյանին նաև պահում են հայաթափման ծրագիրը հմտորեն կատարելու համար, իսկ Սերժ Սարգսյանին պահում են, քանի որ նա կրիմինալի հիման վրա է եկել իշխանության, կրիմինալով է երկիրը ղեկավարել, դրանով էլ կրիմինալից պետք է ձերբազատվի այսպես ասած: Մենք ձեզ վստահեցնում ենք, որ մեր ժողովրդի հետ կանգնեցնելու ենք նրանց մտադրությունները, ինչ որ նրանք ունեն»:
Լուսանկարը՝ Aravot.am-ի