Օրվա ընթացքում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը շարունակում է ստացված ահազանգերի և խախտումների մասին տեղեկատվություն տրամադրել ԶԼՄ-ներին:
Մասնավորապես, ՀԱԿ-ը նշում է, որ 9/33 ընտրատեղամասից Վազգեն Ղազարյանը հաղորդել է, որ «Հարմոնիա», «Կյանք», «Մարդու իրավունքները Հայաստանում», «Տտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» դիտորդական առաքելությունները սերտորեն համագործակցում են ընտրատեղամասի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ չքվեարկած քաղաքացիների մասին ինֆորմացիան դուրս բերելու, ընտրատեղամասի առջև կուտակված անհայտ անձանց այն տրամադրելու, չքվեարկածներին ընտրատեղամաս բերելը կազմակերպելու և այլ հարցերում:
«Արաբկիրի թաղապետարանի մոտակայքում երթուղային մեքենաների կուտակումներ են՝ 71 համար (2-3 ական), 39 համար (5-6 ական), 40 համար (2-3 ական): Նույն տեսարանն է նաև Նաիրի Զարյան փողոցում:
Էրեբունու թիվ 13/29 (Մուշական) տեղամասի մոտ բազմաթիվ մեքենաներ են կուտակված, ինչպես նաև կան մարդկանց կուտակումներ: Նույն ընտրատեղամասի մոտ հավաքվել են թաղային հեղինակություն հաամրվող անձինք, որոնք ուղղորդում են քաղաքացիներին՝ ինչպես քվեարկել: Այս գործընթացը համակարգում է այդ տարածքի համատիրության ղեկավարը, որը նաև ՀՀԿ-ի վստահված անձն է:
2/09 ընտրատեղեմասում նույն հասցեում, նույն անուն ազգանունով, բայց տարբեր անձնագրերով երկու մարդ կա գրանցված, որոնք քվեարկել գնացել են, որից հետո նոր նկատվել է զուգադիպությունը:
2/32 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել ՀՀԿ շտաբի պետի և Կոնգրեսի վստահված անձի միջև: Շտաբի պետը առանց բեյջի շրջել է տեղամասում, մի քանի անգամ զգուշացումից հետո չի լքել տարածքը, որից հետո հաղորդագրություն են տվել ոստիկանությանը:
2/31 տեղամսում առանց բեյջի ՀՀԿ-ականը գոռացել է լրագրողների վրա, ճնշում գործադրել: Ոստիկանությունը տեղում է եղել և ոչինչ չի արել:
2/18 տեղամասում տրցակների մեջ հայտնաբերվել է 2 ավել ծրար: Նախագահն ասել է, որ հնարավոր է հաշվելուց իրար կպած են եղել, դրա համար էլ չեն նկատվել:
4/15 տեղամասում քաղաքացի Մհեր Թադևոսյանը գնացել է ընտրելու և հայտնաբերել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է:
9/18 տեղամասում «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա»-ի դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ անդամ և զբաղված է ՀՀԿ-ի շահերի պաշտպանությամբ», – նշում է ՀԱԿ-ը: