Պարոնյան փողոցի 4ա շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և Մարդու իրավունքներ պաշտպանին՝ խնդրելով դադարեցնել ապօրինությունը և կասեցնել Փակ շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը: Տարածած նամակում նրանք նաև նշում են՝ «ամենակարևորը՝ վերականգնեք մեր հավատը»:
Բնակիչները հայտարարում են, որ կառուցապատողը (շենքը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին), կրկին խախտելով իր բոլոր խոստումները, վերսկսել է Փակ շուկայի հարկաբաժնի շինարարությունը, ինչի հետևանքով անթույլատրելի կերպով իրենց բնակարաններին է մոտեցրել նոր ստեղծվող բազմաֆունկցիոնալ շենքի աղմկոտ և լուսավոր պատուհանները՝ խախտելով քաղաքաշինական նորմերն ու էապես վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, ինչպես նաև վերջնականապես խաթարել է հուշարձան շենքի կերպարը:
«Ամիսներ առաջ, չնայած կառուցապատողի բազմաթիվ խոստումների, որ մեր պատուհանների առաջ նոր հարկաբաժինը չի կառուցվելու, սկսվեցին այդ հարկաբաժնի սյուների կառուցումը, ինչը նախագահական ընտրությունների նախօրերին կանխվեց։ Հետագայում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց ապամոնտաժել ինքնակամ կառուցված հարկերը և վերականգնել հուշարձան շենքի կամարներն ու արտաքին տեսքը։ Դրանից հետո թվում էր, թե հարցի լուծումը տեղից շարժվել է։ Սակայն վերջին օրերին շուկայի հետնամասում սկսվեց կառուցվել մի նոր կցակառույց՝ ուղղակի շուկան շրջանցող ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա՝ փակելով այն, ինչը բնակիչների համար կստեղծի լրացուցիչ խնդիրներ հետագայում, վատթարացնելով տրանսպորտային իրավիճակը», – գրում են բնակիչները:
Նախորդ դիմումին ի պատասխան՝ շենքի բնակիչները ստացել են ՀՀ նախագահի աշխատակազմից գրություն, համաձայն որի դիմումն ուղարկվել է քաղաքապետարան: Բողոքողների խոսքով՝ քաղաքապետարանից 4 ամիս անց ուղարկած պատասխանը փաստում էր միայն, որ ինքնակամ շինարարության համար կառուցապատողը տուգանվել է:
Նոր նամակում բնակիչները նշում են, որ աշխատանքները չեն դադարեցվել, ավելին՝ ինքնակամ, հողազավթումով նոր աշխատանքները մեծ թափով շարունակվում են` խախտելով բազմաթիվ բնակիչների հանգստի իրավունքը և անդորրը:
Լուսանկարը՝ Facebook սոցցանցի Մամիկոն Սիմոնյան օգտատիրոջ էջից