Մայիսի 5-ին Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները` մոտ 50 հոգի, ձորն են նետել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները, հայտնում է ԷկոԼուր-ը:
Փոքր ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Մարցէներջի» ՍՊԸ-ն: Ինչպես ԷկոԼուրին պատմեցին գյուղացիները, իրենք զրուցել են ընկերության ինժեների հետ և ասել, որ թույլ չեն տալու ՓՀԷԿ-ի կառուցումը: Ինժեներն էլ ասել է, որ ինքը ենթակա անձ է, իրեն գումար են տվել, ինքն Էլ բերել է խողովակները: Նա գյուղացիներին խոստացել է, որ այլևս խողովակներ չի բերի, մինչև գյուղն ու ընկերությունը համաձայնության չգան: Գյուղացիները դժգոհեցին, որ փոքր ՀԷԿ-ի կառուցմամբ իրենց 30 հեկտարանոց խոտհարքերը կչորանան, և անասունների համար չեն կարողանա խոտ հնձել: Նրանք նաև ասացին, որ խոտհարքերի մոտ այգիներ էլ են եղել, և հիմա եթե որևիցե մեկը ցանկանա այգին մշակել, ապա ջրի բացակայության պատճառով չի կարողանալու: Մյուս խնդիրն էլ, որն անհանգստացնում է Մարցի բնակիչներին ,ՓՀԷԿ-ի աղմուկն է: «ՀԷԿ-ի շենքը մեր գյուղի տակ պիտի կառուցվի: Դրա աղմուկը շատ վատ է անդրադառնում մեր առողջության վրա: Գյուղից մի 4 կմ վերև Լոքյանի (Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի մասին է խոսքը) փոքր ՀԷԿ-ն (Մարցիգետ-2) է աշխատում: Գիշերը, երբ գյուղը խախանդվում է, այդ ՀԷԿ-ի աղմուկը լսվում է, և մենք աղմուկի տակ ենք քնում»,- ասացին բնակիչները:
Գյուղացիները ստորագրություններ են հավաքել փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը ուղարկել են ՀՀ բնապահպանության նախարարություն:
Կայքը հիշեցնում է, որ սույն թվականի մարտի 12-ին Մարցի գյուղապետարանում տեղի ունեցած «Մարցէներջի» ՍՊԸ կողմից ներկայացված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների ժամանակ Մարց գյուղը դեմ արտահայտվեց «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցմանը:
«Մարցէներջի» ՍՊԸ-ն իրավունք չունի որևէ շինարարական աշխատանք սկսելու, քանի դեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումները տեղի չեն ունեցել և Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել:
Լուսանկարները` Արթուր Հովակիմյանի