Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններից հետո իշխանական մենաշնորհն ավելի կարծրացավ: Այս մասին ասված է Հայ Յեղափոխական Դաշնակցության տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ընտրություններում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, «Բարև Երևան»-ից և ՀԱԿ-ից հետո, ու ավագանում չի ընդգրկվել:
«Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:
Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:
Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:
Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը», – նշում են հայտարարության հեղինակները:
ՀՅԴ-ն ընդգծում է, որ գործող իշխանությունն այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունի:
«Կսպասենք արդյունքներին, թեև դրանք մեզ համար կանխատեսելի են: Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել», – նշում է Դաշնակցությունը՝ հավաստիացնելով, որ, այնուամենայնիվ, չի նահանջելու սկզբունքային դիրքերից, չի դադարեցնելու ամենօրյա աշխատանքը «հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության»: