Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ապրիլի 16-ից ապրիլի 26-ը դիմել էր 9 մարդ:
ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը մինչ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, ապրիլի 30-ի նիստում քննարկել է մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումները և որոշում կայացրել հաղթող ճանաչել Գագիկ Բունիաթյանին:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարվա ընթացքում Բունիաթյանը զբաղեցնում է Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, որը լքել է անցյալ ամիս: 2002-2010 թվականները նա հանդիսացել է նաև «Հայ ԹիՎի» հեռուստաալիքի ղեկավար: 1991-1995թթ. ղեկավարել է «Շարմ» ընկերության հիմնադիրների խորհուրդը, նույն թվականներին ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների» ակումբը, իսկ 1992-1994թթ. եղել է «Ուրախների և հնարամիտների» ակումբի ԱՊՀ հավաքականի տնօրենը:
Լուսանկարը՝ 1tv.am