Մայիսի 5-ի գիշերը` Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23:00-ից մինչև ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք:
Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, վստահեցնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանությունը չի նշում, թե որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են պատասխանատվության ենթարկվել հրավառություն կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ, համաձայն ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների մեծամասնությունը՝ 55.89 %:
Ավագանիում են ընդգրկվելու նաև ԲՀԿ-ն՝ 23,07% և «Բարև Երևան» դաշինքը՝ 8.48%: