«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Մերի Խաչատրյանն այսօր ներկայացել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն և գրավոր բացատրություն տվել և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին:
«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունն այսօր ընդունել է իմ բացատրություններն ու հաղորդումը», – Epress.am-ին հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Մերի Խաչատրյանը գրավոր դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ Facebook-ի միջոցով սպառնալիք է ստացել իրեն անհայտ անձից:
«Սույն թվականի մայիսի 2-ի առավոտյան (ժամը 10-11-ի սահմաններում) այցելում եմ սոցիալական ցանց և հերթական անգամ ստուգում իմ հաղորդագրությունները:
Ինձ ուղղարկված հաղորդագրությունների (Messages) ուրիշ (Other) բաժնում հայտնաբերում եմ ինձ լրիվ անծանոթ, ոմն Պարգև Կարապետյան (Pargev Karapetyan) անունով օգտատիրոջ սպառնացող և վիրավորող արտահայտություններով մի հաղորդագրություն (կից ներկայացվում են լուսանկարի ու հաղորդագրության պատճենները)», – մասնավորապես, գրել էր Մերի Խաչատրյանը:
Ըստ փաստաբանի՝ այդ հաղորդագրությունը մենախոսություն է, բովանդակությունից ակնհայտ երևում է, որ սպառնալիքն ուղղված է անմիջապես իրեն որպես admin-ի, ս.թ. ապրիլին «Մենք դատապարտում ենք Երևան քաղաքի վարչության նոր պետի (Երևանի ոստիկանապետ) Աշոտ Կարապետյանի նշանակումը» ֆեյսբուքյան խումբ բացելու համար:
ՀՀ ոստիկանությունն արձագանքել էր էլեկտրոնային լրատվամիջոցներով արված փաստաբանի հայտարարությանը և հրավիրել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Լուսանկարը՝ Մերի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից