ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման իրավական ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա հիշեցրել է, որ բարոյական փոխհատուցման մեխանիզմի բացակայության մասին ահազանգում են թե տուժածները, թե իրավապաշտպանները՝ դա համարելով իրավական բաց:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ՍԴ-ի կողմից դիմումի ընդունումը պայմավորված է նաև այն փաստով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Հայաստանի դեմ, որով փաստում է, որ, բարոյական վնասի փոխհատուցում չտրամադրելով, մեր պետությունը խախտում է Մարդու իրավունքների կոնվենցիայի 13-րդ հոդվածը (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): Հիշեցնենք, որ բարոյական փոխհատուցման իրավունքի խախտման մասին ՄԻԵԴ-ի վճիռ կայացրել է Արմեն Պողոսյանի և Գրիշա Վիրաբյանի գործերով:
«Եթե կա Կոնվենցիայի խախտում, չի կարող չլինել Սահմանադրության խախտում, քանի որ Կոնվենցիայով սահմանված իրավունքները նվազագույնն են, որ մեր պետությունը պետք է ապահովի»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Սահմանադրական դարատանի կողմից վարույթ ընդունած գործը վերաբերում է Վարդան Խաչատրյանի իրավունքների խախտմանը: Զեյնալյանը պատմել է, որ դեռևս 2009 թվականին ՍԴ-ն 833-րդ որոշումն է կայացրել՝ փաստելով, որ Խաչատրյանի իրավունքները ոտնահարվել են, սակայն մինչ օրս նա փոխհատուցում չի ստացել:
Որոշումից հետո Խաչատրյանը դիմել է Ֆինանսների նախարարություն՝ պահանջելով 2000 եվրոյի համարժեք դրամ որպես բարոյական փոխհատուցում, ինչպես նաև նյութական փոխհատուցում՝ փաստաբանական ծախսերի համար: Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է փոխհատուցում տալ՝ նշելով, որ դա չի կարող անել առանց դատական ակտի:
Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան, որը ևս մերժել է հայցվորին՝ ասելով, որ սա իրավահարաբերություններում ծագած վեճ չէ: Խաչատրյանը դիմել է առաջին ատյանի դատարան, սակայն դեռ գործը քննության ընթացքում նա մահացել է և նրա իրավունքների մասին վեճը ժառանգել է իր որդին՝ Արթուր Խաչատրյանը:
Առաջին ատյանի դատարանը, ապա նաև Վերաքննիչ դատարանը բավարարել են փաստաբանական ծառայությունների փոխհատուցման ծախսերը, սակայն բարոյական փոխհատուցում այդպես էլ չեն տալիս, քանի որ Հայաստանում նման հոդված օրենքով չի նախատեսվում:
ՍԴ-ն դիմումը գրավոր ընթացակարգով քննելու է հուլիսի 10-ին: