Առավոտյան Slaq.am և merojax.com ինտերնետային կայքերում տեղադրված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին վերաբերող տեսանյութերը հանվել են կայքերից և YouTube.com վիդեոհոստինգում կայքերի էջերից:
Հիշեցնենք, որ տեսանյութում ոստիկանական մեքենայում գտնվող Արմեն Մարտիրոսյանը, դիմելով ոստիկանին, մասնավորապես, ասում է.
«Տղերք դեմներդ հայ ա, թուրք չի…Ո՞նց եք ապրելու 110 հազար դրամով, ո՞նց եք տուն պահելու… (մեկ բառ չի հասկացվում) 100 հազար դոլարով կաշառք են առաջարկել, չենք վեկալել, խի՞ չեք հասկանում»:
Slaq.am-ի խմբագիր Բորիս Թամոյանը, Epress.am-ի հետ զրույցում բացատրելով, թե ինչու է խմբագրությունը տեսանյութը հանել, ասել է, որ դա արվել է YouTube.com կայքից ստացած զգուշացման հետևանքով:
Ըստ Թամոյանի՝ քանի որ տեսահոլովակի հեղինակային իրավունքները պատկանում են merojax.com-ին, YouTube.com-ը դիմել է իրենց՝ խնդրելով հանել տեսահոլովակը:
Նշենք, որ տեսահոլովակը ներբեռնված էր Menua Harutyunyan օգտատիրոջ կողմից:
Մենուա Հարությունյանը Slaq.am-ի սեփականատերն է:
Մեզ հետ զրույցում merojax.com ցանցային ադմինիստրատորը, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է, որ իրենք տեսանյութը հանել են, քանի որ «այն մեծ շուխուռ է հանել», և հոլովվում էր իրենց կայքի անունը:
«Մինչդեռ վիդեոն մերը չէ, մենք այն հանել ենք youtube-ից և մոնտաժել ենք և որպես նորություն տեղադրել մեր սայթում մայիսի 4-ին, մինչդեռ օրիգինալը կար ապրիլի 17-ից»,- ասել է ադմինը:
Վերջինս նաև տրամադրել է այն էջը, որտեղից ինքը վերցնել է տեսանյութը: Այն ապրիլի 17-ին տեղադրել է Philip Arzumanian օգտատերը:
Տեսանյութի մասին հայտարարություն է տարածել նաև Ոստիկանությունը՝ նշելով, որ հարցի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր քննություն:
«Ծառայողական քննության շրջանակներում պարզվել է, որ նույն օրը Արմեն Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մի քաղաքացի ևս (ծառայողական քննությամբ տվյալ անձի ինքնությունը պարզվել է, պարզվել է նաև, որ նա այս պահին հանրապետությունում չէ): Մեքենայում եղել են երկու ոստիկան, մեկը՝ ղեկին, մյուսը՝ սրահում (սրահում գտնվող ոստիկանը երևում է տեսագրության մեջ, իսկ ընթացքի պահին վարորդի կողմից տեսագրելը իրատեսական չէ, բացի այդ՝ նկարահանման ռակուրսը միանգամայն այլ է)»,-ասված է հայտարարության մեջ:
Ոստիկանությունը տրամադրել նաև Մարտիրոսյանին բերման ենթարկելու տեսանյութը:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեսանյութը նկարահանել է նույն մեքենայով ոստիտկանություն տարվող հանրահավաքի մեկ այլ մասնակցի կողմից: