Հայաստանի կառավարության կազմն աննշան փոփոխությունների է ենթարկվել: Գործադիրն ընդամենը երեք նոր նախարար կունենա: Այս մասին այսօր ՀՀԿ-ի գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին հրաժեշտ է տալիս Հրաչյա Ռոստոմյանը: Նրա փոխարեն պաշտոնավարելու է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանը:
Ֆինանսների արդեն նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ այդ պաշտոնը մինչ օրս զբաղեցնող Դավիթ Սարգսյանը նշանակվել է Ֆինանսների նախարար: Աշխատակազմի ղեկավարին տրվել են նախարարի գործառույթներ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Վահրամ Ավանեսյանին, իսկ նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի ՀՀ ներկայացուցիչը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: