Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Ընտրությունների վերաբերյալ այսօր տարածած գնահատականում այս մասին գրում է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ընդգծելով, որ 2012 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ 2013 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ:
«Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ արձագանքման խմբերը շրջել են քաղաքում և հանդիպել են տեղամասերում եղած քաղաքացիներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին՝ առաջարկելով իրենց աջակցությունը և փորձելով ստանալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր ընտրախախտումների մասին: Սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք», – նշում է օմբուդսմենը:
Հիմք ընդունելով ահազանգերն ու բողոքները՝ նա գալիս է հետևյալ եզրահանգումների.
«Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին: Դիտորդական կազմակերպությունների և լրագրողների բոլոր ճշտված և չճշտված հրապարակումները էական և ոչ էական խախտումների, այդ թվում՝ կասկածների ու ենթադրությունների վերաբերյալ, չեն գերազանցել 600-ը: Նախորդած ընտրությունների համեմատ՝ Ոստիկանությունը առավել օպերատիվությամբ և լրիվությամբ է արձագանքել քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բոլոր ընտրակեղծիքների մասին ահազանգերին և այդքանով հանդերձ հայտնաբերել և առանձնացրել է արժանահավատ միայն 143 ահազանգ: Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են», – գրել է ՄԻ պաշտպանը:
Օմբուդսմենը հավելել է, որ ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում և հոգեբանական ճնշում: Կարեն Անդրեասյանի համար մտահոգիչ են եղել նաև առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը: