Այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից և սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլև ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: Այս մասին այսօր հաղորդել hetq.am կայքը՝ հրապարակելով նաև հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաև նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները և նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը:
«Դիմում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ձայնագրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ու խնդրում ենք ապահովել Անի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը: Պատրաստ ենք տրամադրել սպառնացողի հեռախոսահամարը», – նշում է hetq.am-ը:
«Հետքը» նաև հանցագործության մասին գրավոր հաղորդում է փոխանցել ՀՀ ոստիկանությանը՝ նշելով լրագրողին սպառնացողի բջջային հեռախոսահամարը և կցելով հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: