ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից. առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա:
«Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը (ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյան – խմբ.)` որդու՝ Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան –խմբ.)` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ: Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում», – գրել է «Հրապարակ»-ը:
Թերթը փորձել է կապվել Մհեր Սեդրակյանի հետ, սակայն հեռախոսը վերցրել է վերջինիս «հեռախոսապատասխանատուն» ու ասել է, որ Սեդրակյանը Հայաստանում չէ, իսկ իր որդին ցանկություն չունի քաղաքապետի տեղակալ դառնալ:
Դավիթ Օհանյանն էլ նշել է, որ իր հետ այդ թեմայով ոչ ոք չի խոսել:
«ՀՀԿ-ում չբացառեցին Դավիթի` տեղակալ դառնալը: Չբացառեցին նաև, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը»,- գրել է թերթը: