Այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացվել է ԿԸՀ-ում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին: Այս մասին հայտնում է «Բարև Երևան» դաշինքը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մերժել էր վարույթ հարուցել Պետրոսյանի դիւմումի հիման վրա, ով պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունները:
«Մատնանշելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով և կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել և ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարև Երևան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:
Վարչական դատարան է ներկայացվել նաև Երևանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի և կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Նման աղյուսակներ առկա են 12 ընտրատարածքների վերաբերյալ, որոնք նույնպես հաջորդաբար կտարածվեն լրատվամիջոցներին:
Ոստիկանությանը հետաքրքրող ընտրախախտումների վերաբերյալ աղյուսակում նշված աղբյուրների պատճենները պատրաստ ենք տրամադրել», – նշում է դաշինքը: