Home / Հայաստան / «Նախարարը ծիրանը խաղողից չի տարբերում». Արմավիրի մարզում ճանապարհ են փակել (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

«Նախարարը ծիրանը խաղողից չի տարբերում». Արմավիրի մարզում ճանապարհ են փակել (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչները այսօր, ինչպես և երեկ, փակել էին իրենց գյուղի մայրուղին և թույլ չէին տալիս մեքենաներին անցնել գյուղը: Երեկ տեղացած կարկուտի պատճառով գյուղացիները զրկվել են բերքից՝ ու սկսել են բողոքի ակցիաները՝ պահանջելով փոխհատուցում կրած վնասի համար:

Նրանք ձեռքերում պաստառներ էին պահել՝ «Պահանջում ենք փոխհատուցում» , «Մեզ լոբի պետք չէ», «Վնասի տնտեսական, ֆինանսական գնահատական» գրառումներով:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները բացատրել են, որ երկու տարի առաջ կարկուտի պատճառով իրենք մեծ վնասներ էին կրել, իսկ կառավարությունը ամեն ընտանիքի մի քանի կիլոգրամ լոբի է տվել և մի քանի շիշ բուսական ձեթ: Այժմ նրանք ցանկանում են խուսափել նման «փոխհատուցումից»:

Մեր հարցին, թե ինչու են հավաքվել հենց մայրուղու վրա, բողոքողները պատասխանել են, թե սպասում են իրենց մարզից ընտրված պատգամավորին, ում անունը չգիտեն, սակայն ի պաշտոնե նա պետք է գա և տեսնի` ինչ է կատարվում գյուղում:

«Քսանչորս ժամ է` կարկուտը եկել է, ոչ մի լրագրող չենք տեսել: Եթե մի նախարար մի այցելության է գնում, 15 լրագրող հետևից վազում է: Հիմա աղետն եղել է, մի լրագրող չի եկել»,- ասել է գյուղացիներից մեկը:

Հավաքվածներից մի պապիկ էլ պատմել է, որ երեկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եկել է իրենց գյուղ, կանգնել այն խաղողի վազի տակ, ափսոսանքով նայել բերքից  ու տերևներից ամբողջովին զրկված վազերին և ասել. «Էս ծիրանի վրա սկի ծիրան չկա»:

«Ասեցի՝ ոնց լինի, սա խաղող ա: Եթե չի տարբերում ծիրանի ծառը խաղողի վազից, էդ ի՞նչ նախարար», – ասել է գյուղացին:

16:00-ի սահմաններում ճանապարհի երթևեկությունը վերականգնելու համար ժամանել են ոստիկանները և մարդկանց հեռացրել մայրուղուց:

Բողոքողները Epress.am-ի թղթակցին ասել են, որ հավաքվել են գյուղում, քանի որ ոչ բոլորը ունեն մեքենա ու փող հոգալու ճանապարահածախսը դեպի Երևան՝ կառավարության շենքի մոտ գալու համար: Նրանք, սակայն, ասել են, որ եթե այդպես էլ իրենց այցի չգան, ոտքով ճամփա կընկնեն դեպի Երևան: