Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Սինոփսիս Արմենիա ընկերությունում ուսանողների հետ հանդիպմանը նշել է, որ ինքն ուղղակի ենթարկվում է ԱՄՆ նախագահին, բայց նաև իր խողովակներով փորձում է ճնշում գործադրել ԱՄՆ նախագահի վրա՝ 1915 թվականի իրադարձությունների ընդունման ամար: Դեսպանը նշել է, որ Հայաստանը բարդ երկիր է, քանի որ 15 թվականի իրադարձությունները խնդիրներ են առաջացրել, գրում է Lragir.am-ը:
«Իմ միջոցով որոշակի ճնշում է գործադրվում ԱՄՆ նախագահի վրա՝ նույն 15 թվականի իրադարձությունների ճանաչման հետ կապված»,- ասել է դեսպանը:
Հեֆերնի խոսքով՝ ինքն ամենաշատը զարմացած է այն բանի վրա, որ փակ սահմանների պայմաններում հայերը գտնում են ուղիներ՝ հասնելու հաջողությունների, զարգանալ, տաղանդավոր են, ջերմ, և Հայաստանը մոխրագույն չէ, ինչպես նախքան այստեղ ժամանելն էր ինքը պատկերացնում:
«Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք ունենա տարբեր տարբերակներ և չպետք է կախված լինի մեկ տարբերակից, հետևաբար մենք խթանում ենք, որ Հայաստանը նայի դեպի Արևմուտք, այլ հնավարություններ գտնի այնտեղ: Մենք բնականաբար չենք փորձում փոխարինել Ռուսաստանին և Ռուսաստանի գործառույթներն այստեղ»,- ընդգծել է դեսպանը:
Ջոն Հեֆերնը նաև անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրին՝ նշելով, որ այն պետք է բարելավվի, ինչը կբերի միջազգային ներդրումների ծավալների աճին: Նա նշել է, որ Ամերիկայի գործարարների հետ աշխատում է Հայաստանում ներդրումներ ներգրավելու հարցով և կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:
«Բիզնեսում պետք է լինի օրենքի գերկայություն, թափանցիկություն, ճիշտ մրցակցություն և կանխատեսելիություն: Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մենք նշում ենք, որ պետք է արդար մրցակցություն լինի, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կարողանա աշխատել: Պետք է լինի հասկացություն մրցակցության վերաբերյալ և թափանցիկություն: Կան համակարգեր այսօր՝ հարկային համակարգ կա, մաքսային մշակված համակարգ, սակայն կան որոշակի դժգոհություններ ամերիկյան բիզնեսների հետ կապված, որովհետև իրենք փորձում են ներմուծել, բայց պարզվում է, որ մաքսազերծումը թանկ է: Հաջորդ հարցը օրենքի գերակայությունն է, որովհետև եթե ինչ-որ մեկը մտնում է բիզնես ոլորտ, պետք է համոզված լինի, որ դատական համակարգը ճիշտ կվարվի և արդար վճիռ կկայացնի»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով՝ այս հարցերով թեև առաջընթաց կա, բայց նաև շատ անելիքներ կան:
Ջոն Հեֆերնը կարևորել է Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագիրը՝ նշելով, որ այն շատ հետաքրքիր է Հայաստանի համար. «Հուսով եմ, որ սա հաջող կիրականացվի: Եթե Եվրամիությանն անդամակցության մասին չենք խոսում, ապա գոնե կապերը Եվրամիության հետ շատ պետք են Հայաստանին: Սա միջազգային ստանդարտների կիրառում է, և սրանից կշահեն բոլոր հայերը»:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանում IT ոլորտում է ներկայացված հիմնականում: Առաջիկայում նախատեսվում են ամերիկյան ներդրումներ Հայաստանի մարզերում՝ զարգացնելու տուրիզմն ու սննդի արդյունաբերությունը: Դա, ըստ դեսպանի, մարզերի բնակիչներին աշխատատեղով ապահովվելու հնարավորություն կտա: Հեֆերնի խոսքով՝ Հայաստանը մեծ հնարովորություններ ունի տուրիզմի ոլորտում, սակայն ավիացիայի ոլորտում բարձր գնային քաղաքականություն է վարվում:
«Արմավիան հիմա չկա, պետք է Հայաստանը բացի իր երկինքը և բոլոր ավիաընկերություններին հնարավորություն տա այստեղ գալու: Մենք փորձում ենք ամերիկյան ավիաուղիներին ուղղորդել՝ աշխատելու Հայաստանում: Ավիաուղիների գները պետք է իջեցվեն, իսկ որակը՝ բարձրացվի: Սա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի համար»,- ասել ԱՄՆ դեսպանը: