Մայիսի 10-ին և 11-ին Ավանի Բաբաջանյան փողոցում գտնվող Երևանի Պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի տարածքում կատարվում էր բարդիների «խորը էտում». 30-35 մ բարձրությամբ բարդիներից մնացել էին 5 մետրանոց կոճղեր, հայտնում է ԷկոԼուր-ը:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ դա կոչվում է բարդիների երիտասարդացում: Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Առաքելյանի և փոխտնօրեն Հենրիկ Պետրոսյանի խոսքերով` բարդիները վտանգավոր էին դարձել շրջակայքի համար: Քոլեջի ներկայացուցիչները ԷկոԼուր-ին ներկայացրել են տնօրենի նամակը` ուղղված Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանին: Նամակում նշված է, որ բարդիներից մեկը ճոճվում է, և հնարավոր է` ընկնի ու մեծ վնաս պատճառի շենքերին ու ուսանողներին:
«…Հետագա դժբախտություններից խուսափելու համար խնդրում եմ Ձեր թույլտվությունը չորացած ծառը հիմքից կտրելու, իսկ մյուսները ծայրատելու»,- մասնավորապես գրված է քոլեջի տնօրեն Վ. Մինասյանի նամակում:
Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նամակով տեղեկացրել է. «…Դիմել ենք Ավանի վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հանձնարարական տրվի համապատասխան ստորաբաժանմանը բակում գտնվող բարդիները երիտասարդացնելու, իսկ մյուս դեկորատիվ ծառերը ձևավորելու համար»:
Էկոլուր-ը նշում է, որ Ավետ Մարտիրոսյանի նամակում չկա թույլտվություն ծառահատում կատարելու մասին:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ խորը էտումը վնասում է ծառին:
«Երբ մշտապես խորը էտում է կատարվում, ինչը մենք հաճախ տեսնում ենք Երևանում, ապա ծառը պարբերաբար սթրեսի է ենթարկվում և կորցնում իր պաշտպանողական ուժերը»,- Էկոլուր-ի հետ զրույցում ասել էր Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսիսյանը: