Դավիթաշեն չորրորդ թաղամասի շուրջ երկու տասնյակ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության մոտ: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ հեռուստաընկերության կայքը, բնակիչները ընկերությունից պահանջում են ավարտին հասցնել իրենց հետ կնքված պայմանագրի դրույթները:
« 2006 թվականին տուն ենք գրվել, որ 2008-ին պետք է ավարտվեր ու սենց` այսօր, վաղը, հիմա էլ իմացանք, որ շենքը «զալոգ» են դրել Արցախ բանկում, ու շենքը չեն կարողանում սարքել ու մեր խնդիրը մնում է: Մնացել ենք դրսում, ուզում ենք Կառավարությանը դիմենք, որ մեր խնդիրը կարգավորի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Բողոքողները նշել են, որ պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ` որը և պետք է կառուցեր իրենց բնակարանները, սակայն այժմ որևէ հստակ պատասխան իրենց չեն տալիս:
Վերջին անգամ բնակիչներին հայտնել են, որ շենքը գտնվում է գրավի տակ և որ որոշում պետք է ընդունի Արցախ բանկը: Բնակիչները պահանջում են, որպեսզի Կառավարությունը շուտափույթ իրենց խնդրին լուծում տա` չնայած քիչ են հավատում դրան:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի