Մայիսի 12-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ավագանու անդամներ ընտրվելու մասին որոշում է ընդունել:
ԿԸՀ-ի կայքը նշում է, որ Հանձնաժողովը կազմել է ընտրությունների արձանագրություն՝ հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:
Համաձայն ԿԸՀ-ի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Երևանու ավագանում կլինի 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ 6 անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ 42 անդամ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Նշենք, որ մայիսի 10-ին «Բարև Երևան» դաշինքը դիմումով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով անվարվեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Մայիսի 11-ին ԿԸՀ-ն մերժել էր դաշինքի դիմումի մեջ առկա պահանջը: