Մայիսի 12-ին Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Սարգսյանը և Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում Լուկաշենկոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Սարգսյանն ու Լուկաշենկոն ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: