Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայրում ավարտվեց Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող 25-ամյա Անուշավան Մաճկալյանի գործով դատավարությունը, հայտնում է Aravot.am-ը: Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ: Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում էր 8-15 տարի ազատազրկում:
Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէր: Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու և մեկ տարեկան:
Դատավարությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով: Մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել 8 տարի և 9 ամիս ազատազրկման: Այս ժամկետից 3 ամիսը Մաճկալյանի կողմից նախկինում կատարված հանցագործության պատժի չկրած մասն է: Քրեական գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանը պահանջել էր Անուշավան Մաճկալյանին դատապարտել 10 տարի և 3 ամիս ազատազրկման: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: