Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ.Մխիթարյանը, Ս.Սերոբյանը և Ղ.Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:
Կայքը տեղեկացնում է, որ Ղ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Հաղորդագրությունում նշված է, որ Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` նույն օրն անցկացվող Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում համապատասխան նշում կատարելու և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված և քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել` չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաև` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով` Ղ.Մկրտչյանը և Դ.Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ս.Սերոբյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածներով: