Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է:
«Ուշագրավն այն է, որ գնդապետ Գրիգորյանը պոռնկությամբ զբաղվելու համար կալանավորված Հռիփսիմե Հարությունյանի որդին է: Այսինքն՝ ուսադիրներով ընտանեկան բիզնես են զարգացրել», – գրել է թերթը:
Թերթի հետ զրույցում Մարատ Գրիգորյանը նշել է, որ «Լիլիթ» համալիրի 80 տոկոսը պատկանում է իր հորը, 20 տոկոսը մորը: Հայրը 2012 թվականին մահացել է և իրավական տեսանկյունից մնացած բաժնեմասը դեռ մոր անունով ձևակերպված չի եղել:
Նա նշել է, որ, չնայած մեղադրանքներին, մորը «Աբովյան քաղաքում գիտեն որպես շատ հարգված կին»: Գրիգորյանը հավելել է, որ մայրը հյուրանոց գրեթե չի այցելել, իսկ հյուրանոցի հարցերով զբաղվել է քրոջ ամուսինը՝ Հրայրը:
Գրիգորյանի խոսքով՝ մայրը կավատության մեղադրանքի հետ կապ չունի:
«Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետևում, և նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում: Իմ մայրիկը նամուսով, շատ զուսպ կին է, և եթե նման բան լիներ, առաջինը ես ինձ կվերացնեի», – ասել է Գրիգորյանը՝ հրաժարվելով, սակայն, հրապարակել ոստիկանության պաշտոնյայի անունը:
«Բայց եթե հերթը եկավ ասելուն, որ պարոն ոստիկանապետը իմանա, թե ով է նա, նրանից իր փետուրները կմնան: Ու որ եկավ ժամանակը, այնքան բան կասեմ, դեռ համբերում եմ: Մեր ու այդ բարձրաստիճան պաշտոնյայի մեջ նախկինում բարեկամական հարաբերություններ են եղել, իսկ հիմա ընտանեկան թշնամանք կա», – ասել է Գրիգորյանը: