ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու գործով մայիսի 14-ին կայացած առաջին դատական նիստը մոտ 15 րոպե տևեց:
Մահափորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանը դատական նիստի սկզբում հայտարարել է, որ չունի պաշտպան ու խնդրել է հանրային պաշտպան ներգրավել:
Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատել է, որ Խաչատուր Պողոսյանը նախկինում հրաժարվել էր հանրային պաշտպանից՝ հայտարարելով, որ պաշտպան կգտնի, սակայն, քանի որ կողմերից ոչ մեկը չի առարկել, դատարանը որոշում է կայացրել դիմել Փաստաբանների պալատ՝ հանրային պաշտպան տրամադրելու խնդրանքով:
Դատական նիստը հետաձգվել է մինչև մայիսի 20-ը:
Նշենք, որ դատարան չէին ներկայացել Պարույր Հայրիկյանը և նրա դուստրը՝ Նարե Հայրիկյանը, ով շենքի մուտքի մոտ լսել էր հոր ձայնը և օգնության հասել: Մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ հետագայում Պարույր Հայրիկյանի ներկայությունը պարտադիր կլինի, քանի որ փաստաբանը բազմաթիվ հարցեր կունենա:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին: Մարտին նա բուժման է մեկնել Հոլանդիա, իսկ ապրիլին վիրահատվել է Բելգիայում:
Հանցափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, ովքեր, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ինքնախոստովանական ցուցմունք են տվել: Համաձայն մեղադրական եզրակացության, Պողոսյանը կրակել է Հայրիկյանի վրա, Հարությունյանը կազմակերպել է մահափորձը, իսկ պատվիրատուն եղել է Վարդան Սեդրակյանը:
Պողոսյանն ու Հարությունյանը աշխատել են Սեդրակյանի տանը, զբաղվել են բնակարանի նորոգմամբ: ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մինչև ձերբակալվելն ասել էր, որ նախընտրական շրջանում Պողոսյանին ու Հարությունյանին է պատվիրել իր քարոզչանյութերը բաժանելը: