Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության, նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական և մշակութային ոլորտներում:
Բանակցությունների օրակարգում է եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
«Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: