2013 թվականի ապրիլի 19-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով պարզաբանել՝ պատրաստվո՞ւմ է ՊՆ-ն հատուցել 2012 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում արյան հիվանդությունից մահացած ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի բուժման համար պայմանագրով ամրագրաված գումարը: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը:
Վերջինս նշել է, որ շուրջ մեկ ամիս է՝ ՊՆ-ն չի արձագանքել իրենց նամակին, մինչդեռ օրենքով նախատեսված է պատասխանն ուղարկել 2 շաբաթվա ընթացքում:
Իրավաբանական աջակցություն ստանալու ակնկալիքով իրավապաշտպան կազմակերպությանը դիմած Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը (լուսանկարում), հայտնել է, որ որդին բանակ է զորակոչվել 2010 թվականին, 2012-ի սեպտեմբերին դեղնախտ ախտորոշմամբ տեղափոխվել է Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղից էլ վիճակի ծայրահեղ վատանալու և ՀՀ-ում համապատասխան բուժում չլինելու պատճառով ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է:
Տղայի բուժումը Մոսկվայում իրականացրել են նոյեմբերի 9-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել ՌԴ առողջապահության նախարարության «Դմիտրի Ռոգաչովի մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի» ֆեդերալ գիտակլինիկական կենտրոնի հետ, համաձայն որի՝ ՀՀ ՊՆ-ն պարտավորվել էր բուժման համար վճարել 1 միլիոն 3 հարյուր հազար ՌԴ ռուբլի:
Քոչարյանն ընդգծել է, որ Մոսկվա տեղափոխվելու ընթացքում՝ բուժումն անահապաղ իրականացնելու համար իրենք վճարել են 1 միլիոն 7 հարյուր հազար ՌԴ ռուբլի բուժման համար սահմանված գումարը, մինչ ՀՀ ՊՆ-ն կփոխանցեր գումարը, որը այդպես էլ չի կատարվել:
«Դիմել եմ ՀՀ նախագահին, աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, որ իմ հարցին կպատասխանեն, սակայն անցել է հինգ ամիս, ու մինչ օրս որևէ մեկը որևէ քայլ չի ձեռնարկել: Ես այդքան պարտք եմ արել, մուծել եմ, սակայն ՊՆ-ն չի մուծում պայմանագրով խոստացած գումարի համար: Հիվանդանոցը պահանջում է այդ գումարները, տնօրենը զանգում է ինձ ու հարցնում, թե ի՞նչ եմ մտածում, իսկ ՊՆ-ից ոչ պատասխան են տալիս, ոչ էլ ընդունում են: Անգամ ՊՆ-ի մոտ ձեռք-ձեռքի բռնած փակել ենք ճանապարհը, բայց նախարարը եկել-շրջանցել ու գնացել է»,- պատմել է հայրը՝ ավելացնելով, որ հիվանդանոցից իրեն ասել են, թե պատրաստվում են դատական հայց ներկայացնել, բայց թե ում նկատմամբ՝ ՊՆ-ի, թե իր, տեղյակ չէ:
«Ծառայության ընթացքում տղան դեղնվել է, դիմել է չաստի բժիշկներին, գնացել-տեսել եմ էրեխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում պառկած է: էրեխեն պառկած էր, Մոսկվայից պրոֆեսորներ եկան, հետազոտեցին, ասացին, որ շուտափույթ տեղափոխենք Մոսկվա: Նաև ասացին, որ մի քանի օրվա ընթացքում լիովին կբուժեն: ՊՆ-ն էլ գումարների հետ կապված Մոսկվա տեղափոխելը էնքան ձգձգեց, որ մինչև տեղափոխեցինք՝ արդեն շատ ուշ էր. Արթուրը մահամերձ վիճակում էր ու չդիմացավ դեղորայքային բուժմանը», – նշել է հայրը:
Նա ասել է, որ տղայի հետ Մոսկվա մեկնած ՊՆ հոսպիտալի բժշկի ճանապարհածախսը նույնպես ինքն է հոգացել:
«ՊՆ-ում գիտեին, որ այստեղ բուժում չի ստանա, Մոսկվա չենք կարողանա տեղափոխել, մտածված ձգձգում էին, որ ամեն ինչ կվերջանա, իրենք էլ գումար չեն ծախսի: Մարդու կյանքը իրենց համար գումարից էժան է», – պատմել է հայրը:
Վերջինս նշել է, որ տղայի մահվան մեջ մեղավոր են հայաստանյան բժիշկները, քանի որ ժամանակին չեն ախտորոշել, իսկ ախտորոշելուց հետո էլ համապատասխան բուժում չեն իրականացրել:
«Դեղնախտի վերջին ստադիայում է եղել, սանչաստի բուժքույրն է նկատել, որ Արթուրը լրիվ դեղնած է ու արյան զեղումներ ունի ամբողջ մարմնի վրա: Երեք օր էրեխեն պառկած էր՝ չեն իմացել, թե ինչ է կատարվում», – ասել է մեր զրուցակիցը:
Հոր խոսքով՝ եթե ՊՆ-ն ժամանակին լուծեր Մոսկվա տեղափոխելու խնդիրը՝ իրենք պարտավորված չէին լինեի մուծել կրկնակի գումար:
«Մոսկվայից ասացին, որ 50.000 դոլարով սահմանափակվելու են, իսկ քանի որ ուշացավ ու վիճակը հասավ ծայրահեղ վիճակի, էրեխուն հազիվ դեղորայքով էին պահում, գումարը դարձավ կրկնակի: Հիմա էրէխու համար մտածելու փոխարեն մտածում եմ պարտքերի մասին», – նշել է հայրը՝ հավելելով, որ արդեն 57 հազար դոլար է պարտք վերցրել ու վճարել բժիշկներին: Քոչարյանի խոսքով՝ մինչ օրս ՊՆ-ից չեն ստացել անգամ տղայի զինգրքույկը:
Նա նաև ասել է՝ երբ Արթուրը հիվանդանոցում է եղել ՊՆ-ից իրենց հայտնել են, որ տղային արդեն զորացրել են ու զինգրքույկում գրված է, որ Արթուրը պիտանի չէ ծառայության համար:
«Ինչ սպասես մի երկրում, որտեղ պայմանագիրը անգամ ուժ չունի», – եզրափակել է Քոչարյանը:
«Փաստացի Արթուր Քոչարյանի բուժումը պատշաճ չիրականացնելու հետևանքով Ռոմիկ Քոչարյանը կորցրել է որդուն, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուժման համար նախատեսված գումարը վճարելու պարտավորությունը չկատարելու պատճառով հայտնվել է նյութական ծանր վիճակում»,- ասել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 30-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի Еpress.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ գումարը մի քանի օրվա ընթացքում անպայման կփոխանցվի:
«Տվյալ բուժհիմնարկի հետ փաստաթղթաիրավական հարցեր կան, ու գումարի փոխանցման հարցը պրոցեսի մեջ է: Պայմանագիրը կնքված է, ու գումարն ամբողջությամբ փոխանցվելու է, ու, ինչքան որ գիտեմ, փոխանցվելու է ոչ միանվագ», – ասել էր Հովհաննիսյանը: