Dorians խումբն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը, որում վերջինս կոչ էր անում «Եվրատեսիլ» երգի մրցույթին քվեարկել Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի օգտին:
«Ցանկանում ենք հիշեցնել, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը:
Dorians-ը հայտնում է, որ թեև խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարևոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար:
Dorians-ը կանի ամեն հնարավորը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար», – ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հրանուշ Հակոբյանը դիմել էր, իր խոսքով, բոլոր նրանց, «ում հոգին լի է հայկականությամբ»:
«Ակնհայտ է, որ ձեր բարոյական կորովի, սիրո և ջերմության կարիքն ունի Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը՝ մեր տաղանդավոր հայորդին, ում պետք է գոտեպնդենք, ուժ տանք, հավատանք նրա ձիրքին ու տաղանդին, և հաղթանակը մերը կլինի», – մասնավորապես, հայտարարել էր Սփյուռքի նախարարը: