ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած 6 հիմնարար սկզբունքների տակ, եթե համանախագահները կարողանան նույնը համոզել նաև Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ միջազգային հանրությունը շահագրգիռ է ԼՂ խնդիրը լուծել մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները՝ հոկտեմբեր ամիսը:
Հիշեցնենք, որ արցախյան հիմնախնդիրը քննարկվել է երեկ Փարիզում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ:
«Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», – ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: