Ազատության հրապարակում մայիսի 11-ից նստացույց անցկացնող ազատամարտիկները թեև երեկ դադարեցրել են այն, սակայն շարունակելու են պայքարել իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ու պահանջների կատարմանը հասնելու համար:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում մարտական ընկերները պատմել են, որ այսքան միասնական եղել են նաև պատերազմի տարիներին, երբ նպատակը մեկն էր՝ կռվել մինչև վերջին շունչը:
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ այսօր առկա խնդիրների սկիզբը դրվել է դեռևս պատերիազմի ժամանակ, երբ կռվող տղաների մեջ շերտավորումներ էին դրվում:
«Կային ավարառուներ, որոնք հիմա տիրում են, և արյուն թափողներ, հողը պահողներ: Հիմա հող պահողները, արյուն թափողները էս վիճակի են հասել, իսկ ավարառուները մեծ սեփականատերեր են: Հող պահողների հիմնական մասը Եռաբլուրում է, շատ քիչ մասն է մաքուր մնացել, որոնց էլ հացի խնդիրը ստիպեց հեռանալ երկրից»,- նշել է 60-ամյա մի ազատամարտիկ:
Բողոքողներից մեկն էլ ավելացրել է, որ կռվողներից նրանք, ովքեր այսօր Եռաբլուրում են, թիկունքից խփվածներն են:
«Դե որ կապիտալիստական երկիր դառանք, ասում են, որ փողը փոխում է մարդուն, միգուցե ժամանակին կռվող է եղել, հրամանատար է եղել, բայց էսօրվա օրը փչացել են այդ մարդիկ, մոռացել են, ուրացել են: Էդ մարդկանց մեջ չկա էն հոգեբանությունը, որն իսկական ֆիդայու մեջ է լինում: Մենք ցանկանում ենք, որ մեզ ղեկավարողները մեր շարքերից էղնեն, մեր հալը տեսած էղնեն, կռված էղնի, որ մեր վիճակի մեջ էլ մտնի: Թե չէ ֆռում են, մի հատ կերած-խմած մեկի բերում են դնում են մի հատ լավ պոստի, էս էլ ասում ա՝ մի լավ թոթոլ տեղ եմ ընկել, սպասի գռփեմ, չռփեմ, բա, դրա համար էլ մեր վիճակն էս ա: Հասկացանք, կապիտալիստական երկիր ենք, հո դրա համար սաղ ազգը չպիտի փախնի, մնան էդ իրեք, չորս, հինգ հոգին, բա հետո՞, որ պատերազմը սկսվեց՝ իրա՞նք են պաշտպանելու, թե՞ իրանց երեխեքը »,- նշել է ազատամարտիկներից մեկը:
Նրանք դեմ չեն, որ այսօր իրենց մարտական ընկերները սեփական կղզիներ ու դղյակներ ունեն, միայն թե ուզում են, որ դա չարվի իրենց «արյունը խմելու հաշվին»:
«Մենք մեղք ենք, էլ չենք դիմանում», – ասել է տղամարդը:
Ազատամարտիկները կոնկրետ մարդկանց անուններ են հնչեցրել ու ասել, որ այս մարդկանց օրինակով շատերն են թալանելու նպատակով գնացել կռվի դաշտ:
«Խուճուճ Էդոն (ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան-խմբ.), Մելքոնյան Գագոն (ՀՀ ՊՆ թիկունքի գծով նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ – խմբ.) իմ գնդի հրամանատարն է եղել, թող գա ասի ասի, որ մի օր եղել է պատերազմի դաշտի առաջին գծում: Անցյալ տարի իրեն Եռաբլուրում ասել եմ՝ այդ խաչը, որ դու ունես, իմն ու իմ նման տղեքինն ա, ու ինքը Հայաստանի էսօրվա ամենահարուստներից մեկն ա, չնայած չի երևում: Ինչո՞վ դիզեց էդ հարստությունը, մի հատ սովորական ճմրթած, հետևը կարկատած շոր էր հագնում, գոնե ես գիտեմ իրեն», – ասել է ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը երբեք հարստանալը չի եղել:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ազատամարտիկները երթով շարժվել են դեպի ՀՀ կառավարության շենք, որտեղ հանձնել են իրենց պահանջագիրը: Հիմնական պահանջներից են կենսաթոշակի բարձրացումը և անվճար բուժօգնությունը: