Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր առաջին խորհրդակցությունը: «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նա կոշտ ելույթ է ունեցել և հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սենյակը:
ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին հարկում: ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը շենքի երրորդ հարկում է (էր):
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ Ծառուկյանի և Վարդանյանի հարաբերությունները վերջին տարիներին լարված են եղել: Թերթի թղթակիցը որոշել է Վարդանյանից ճշտել կայացրած որոշման պատճառների մասին, ինչին ի պատասխան նորանշանակ նախարարն ասել է. «Որովհետև այդպես է պետք»:
Թղթակիցը, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ խնդրել է պարզաբանել տեղի ունեցածը:
«Ինձ կներեք, խնդրում եմ, ավելորդ հարցեր մի տվեք: Ինչ-որ անում եմ, մտածված եմ անում, խորը գիտակցելով եմ անում ու ճիշտը դա է, այնպես որ, ավելորդ հարցեր մի տվեք: Եթե տեղեկացել եք, ուրեմն տեղեկացեք նաև ինչի համար եմ դա անում», – ասել է Վարդանյանը:
Այն հարցին, թե արդյոք իր և Ծառուկյանի միջև խնդիր չի առաջանա, Վարդանյանը հարցով է պատասխանել. «Ձեր կարծիքով, եթե խնդիր պիտի առաջանա, նման քայլի կգնայի՞»:
Վարդանյանը նաև ասել է, թե դա Ծառուկյանի գործն է` կհամակերպվի, թե չի համակերպվի: