Աբովյանում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու հեղինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանը շնորհավորանքներ է ստանում տարբեր քաղաքացիներից, սակայն երեկ եկեղեցու հանդիսավոր բացմանը նրա անուն-ազգանունն անգամ չի հիշատակվել: Այս մասին ճարտարապետը գրել է Facebook-ի իր էջում:
«Այո, յոթ տարի անքուն գիշերներ եմ անցկացրել, յոթ տարի արևի ու անձրևի տակ շինհրապարակում շինարարների, վարպետների ու քանդակագործների հետ ուրախացել ամեն նոր կամարով ու քանդակով… Չգիտեմ իրապես որն է այդ եկեղեցու ճարտարապետական արժանիքը, բայց ես անկեղծ ու անզիջում եմ եղել ի մասնագիտական դիրքում, որքան հնարավոր է դա անել այսօր: Եվ պիտի նույն անկեղծությամբ էլ փակեմ այդ մասին պատմող էջս… Պաշտոնական արարողության ժամանակ, թե դրսում, թե ներսում, պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության… «Շնորհակալություն նաև ճարտարապետին, շինարարներին ու քանդակագործներին…» ընդամենն այսքանը հնչեց… Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես հասկանալ նրանց, ում հետ ամենօրյա շփումից հետո, պարզվում է, ընդամենը անանուն ճարտարապետ եմ… Կարելի է կարծել, թե՝ կամ էս երկրի միակ ճարտարապետն եմ, կամ անունս Ճարտարապետ է… )) Նաև չգիտեմ, թե ինչ հրաշք է պատահում, երբ չեն մոռանում քաղաքում կառուցվող հերթական այլանդակության, կամ հերթական քանդականման զանգվածի հեղինակին…», – մասնավորապես, գրել է Արտակ Ղուլյանը: