Թեև ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել՝ Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ժամանակը փորձում է իր օգտին աշխատեցնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն, Միհրան Պողոսյանի քեռին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, իր բոլոր կապերն օգտագործում է, որպեսզի քրոջ որդուն նշանակել տա ԱԱԾ տնօրեն: Այդ գործին է խառնվել նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը՝ ի դեմս գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ):
«Ու եթե նրանք կարողանան Սերժ Սարգսյանին համոզել, ապա Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար պետք է խախտվի «ԱԱԾ-ի մասին» օրենքը, համաձայն որի ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, որն առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Իսկ Միհրան Պողոսյանը ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007թթ.», – նշում է թերթը: