Home / Հայաստան / Ի՞նչ որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ. Էթիկայի հանձնաժողովն առայժմ չի հայտնում

Ի՞նչ որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ. Էթիկայի հանձնաժողովն առայժմ չի հայտնում

Այսօր լրանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը դիմումատուներին հանձնելու ժամկետը: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ հանձնաժողովից ասում են, թե որոշումն արդեն ուղարկվել է:

Մայիսի 13-ին հանձնաժողովը պետք է եզրակացություն տար՝ Խաչատրյանի բիզնեսի և պաշտոնական գործունեության միջև կա՞ շահերի բախում, թե ոչ: Վարույթը սկսվել է Ռոբերտ Նիկողոսյանի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիմումների հիման վրա:

Թերթը նշում է, որ Հանձնաժողովը հրաժարվում է վերջիններիս տրամադրել Գագիկ Խաչատրյանի ներկայացրած պարզաբանումների պատճենը: Տեղեկատվությունը մամուլի համար նույնպես փակ է:

Հանձնաժողովից «ՀԺ»-ի թղթակցին ասել են, թե որոշման բովանդակության մասին ոչինչ հայտնել չեն կարող, մինչև իրենց կայքում հրապարակելը:

«Կայքն էլ, պարզվում է, «տեխնիկական խնդիրներ» ունի, չի գործում: Ռոբերտ Նիկողոսյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ իրենք կասկածներ ունեն, որ հանձնաժողովը նույնիսկ որոշում չի կայացրել, որովհետև չգիտեն ինչպես վարվել Գագիկ Խաչատրյանի հետ», – եզրափակում է թերթը: