Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղերի բնակիչները վաղը հերթական անգամ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել՝ փակելով Հայկավան գյուղից Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայկավան գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մի քնաի օր առաջ նրանք նմանատիպ բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով անդրադառնալ կարկուտից տուժած գյուղացիների խնդիրներին:
Վաղը ակցիա կազմակերպելու որոշումը գյուղացիները կայացրել են այն բանից հետո, երբ երեկ իրենց է այցելել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Հակոբյանի խոսքով՝ հանդիպումը հույս չի ներշնչել գյուղացիներին:
Մեր զրուցակիցը պատմել է, որ փոխնախարարը գյուղ է եկել այն բանից հետո, երբ երեկ Հայկավան, Ալաշկերտ և Արմավիր համայնքների բնակիչները ակցիա են անցկացրել՝ պահանջելով նախարարի այցը:
«Ասացինք, որ լավ գյուղատնտեսներ են գալու՝ մեզ խորհրդատվություն տալու համար: Մենք պատասխանեցինք, որ խորհրդատվություն պետք չէ, մենք փորձառու գյուղատնտեսներ ենք: Ասացինք, որ պահանջում ենք վարկերի սառեցում, չենք ընդունելու սերմանցու կամ պարարտանյութ, այլ գումարային փոխհատուցում ենք ուզում»,-պատմել է Հակոբյանը:
Փոխնախարարն ասել է, որ հարցը լուծելու համար ժամանակ է պետք և ինքը դեռ չի կարող ասել՝ ինչ չափով ու երբ կլինի փոխհատուցումը:
Երեկ մինչև ժամը 16:00-ն կարկուտից տուժած համայնքների գյուղապետերը Արմավիրի մարզպետարան են հանձնել ցուցակները, որտեղ նշված է, թե որ գյուղացին ինչ մակերեսով հողատարածք ունի և ինչ էր մշակում: Այնուհետև մարզպետը պետք է ցուցակները ներկայացնի Գյուղանախարարություն, որը, իր հերթին, խնդիրը կներկայացնի Կառավարությանը: