Սերժ Սարգսյանի կողմից կառավարության նախկին ղեկավարին և անդամների մեծ մասին վերանշանակելը հավաստումն է այն բանի, որ երկրի ղեկավարը դրական է գնահատել նրանց կատարած աշխատանքը, գոհ է նրանց կառավարած ոլորտներում առկա վիճակից, ուստիև արժանին է մատուցել նրանց՝ վերանշանակելով իրենց պաշտոններում: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկրում էլ ավելի խորացավ աղքատությունը և ահագնացող չափերի հասան արտագաղթի ծավալները:
Այս մասին ասված է Հայաստանում գործող «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տարածած հատարարության մեջ, որի հեղինակները հիշեցնում են, որ Կառավարության ներկա կազմում կա ընդամենը 3 նոր նախարար:
ԹԻ-ն նշում է, որ, բացի վարչապետից, շարունակելու են պաշտոնավարել նաև այն նախարարները (ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան), որոնց կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ մամուլի հրապարակումներն այդպես էլ պատկան մարմինների կողմից չհետաքննվեցին, ինչպես նաև նրանք, ովքեր դրսևորել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհարիր վարքագիծ (ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան և այլն):
«Երկրի կառավարումը նման անձանց վստահելը կասկածի տակ է դնում երկրում աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության հաստատման, բնական պաշարների կառավարման և շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հեռանկարները: Այն նաև թույլ է տալիս եզրակացնել, որ հանրության մի զգալի մասի կարծիքները և տրամադրությունները Հայաստանում օրակարգ չեն ձևավորում և արհամարհվում են: Իշխանություններին բավական է հաշվետու լինել միայն այն ուժերի առջև, ովքեր ապահովում են համակարգի վերարտադրությունը:
Այսպիսի պայմաններում, զավեշտալի են հնչում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների հավաստիացումները: Խմբակային շահերով առաջնորդվող իշխանությունը կարող է երաշխավորել միայն խմբակների քաղաքական և տնտեսական բարգավաճում», – եզրափակում են հայտարարության հեղինակները:
Լուսանկարը՝ gov.am