«Սպայկա» ընկերության` Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի հրդեհի հետևանքով այրվել է ընկերության 15.000 քառակուսի մետր տարածքով սառնարանային մասնաշենքը, որում մինչ երեկ պահված էր մոտ 100 տոննա կարտոֆիլ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:
«Սպայկան» զբաղվում է բեռնափոխադրումներով, ինչպես նաև գյուղմթերքների արտահանմամբ:
Ղազարյանի խոսքով՝ ընկերության սառնարանային մասնաշենքում աշխատում էր 300 հոգի: Վնասի ընդհանուր չափը դեռ չեն հաշվարկել: Այս պահի դրությամբ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:
Մեր այն հարցին, թե ում է պատկանում «Սպայկա» ընկերությունը՝ Ղազարյանն ասել է. «Սեփականատերը ես եմ»:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Սպայկան» պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն, այլ տեղեկությունների համաձայն` «Սպայկան» Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանինն է:
Ըստ Ղազարյանի՝ ընկերությունը, այդ թվում՝ սառնարանների մասնաշենքը, մասամբ ապահովագրված է եղել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում:
Տնօրենը հայտնել է նաև, որ հրդեհից հետո ընկերության «Արարատ Ֆռուտ» դեպարտամենտը, որը զբաղվում էր մթերքների արտահանմամբ, տեղափոխվել է Բագրատունյաց պողոտայի վրա գտվող այլ մասնաշենք:
Այժմ ընկերությունը նոր սառնարանային շենքեր կառուցելու կարիք ունի, իսկ վառված շենքը կառուցվել էր 10 տարի առաջ:
«Սպայկա» ընկերության մյուս բաժինները արդեն այսօր վերսկսել են աշխատանքը, մասնավորապես, Epress.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են կողքի մասնաշենքում փայտի արկղեր պատրաստում, որոնք օգտագործվում են ապրանքների մթերման համար: