Գազի գնի թանկացման հետ կապված մի շարք արտադրող ընկերություններ կանգնելու են «կրախի» առաջ և ուղղակի փակվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը: Վերջինս փոքր ձեռնարկություն ունի, որը զբաղվում է փրփռապլաստե շինանյութերի և բաղադրիչների արտադրությամբ:
«Այսօր գազի խնդիրը ուղղակի ոչնչացնում է մանր ու միջին բիզնեսը, և ես սա հայտարարում եմ պաշտոնապես: Ես չեմ տեղավորվում անգամ այսօրվա գների պայմաններում, ուր մնաց թե 37 տոկոսի (նկատի ունի գազի գնի թանկացման չափը – խմբ.): Գազով աշխատող մեր կաթսայատան միայն սպասարկումն ու թույտվությունը արդեն ահռելի գումար են կազմում», – նշել է բանախոսը:
Նա նաև ասել է, թե չի հասկանում կառավարության այս տեսակ մոտեցման պատճառը:
«Երբ որ մենք խնդիրներ ենք դնում հարկերի իջեցման մասով, բոլոր դեպքերում մերժվում են, իսկ ինչու «Հայռուսգազարտը» թանկացնում է ու անմիջապես ընդունում են՝ ինչի՞ համար: Միգուցե շահ կա այստեղ, ես արդեն մտածում եմ, որ կոռուպցիա կա: Մենք շատ լավ գիտենք, որ վճարած, բյուջե գնացող գումարների 80 տոկոսը թալանվում է չինովնիկական ապարատի կողմից», – ասել է Աբրահամյանը:
Վերջինս շեշտել է, որ գազի թանկացման պարագայում Հայաստանում դարձյալ թանկացնումներ են գրանցվում:
«Ունենք 8 աշխատող, ամսական օգտագործում ենք 6 հազար խ/մ գազ: Հիմա ամսական վճարում եմ 40 հազար դոլար, նոր սակագնով 60 հազար: Կառավարությունը մեծ բիզնեսի համար նախատեսել է 10 հազար խ/մ շեմ, որտեղից նա վճարում է 100 դրամ կամ 90, իսկ մանր ու միջին բիզնեսի համար ոչինչ նախատեսված չի եղել: Մենք օգտագործում ենք այն գնով, ինչով ժողովուրդն է օգտագործում ու դա շատ վատ է անդրադառնում մեր բիզնեսի վրա», – ասել է գործարարը:
Նրա խոսքով՝ չնչին շահութաբերության հետ միասին շատ մեծ հարկային բեռ է դրված իրենց արտադրության վրա:
«Ոչ կարողանում ենք զարգանալ, ոչ նոր արտադրություն հիմնել, ոչ մի հնարավորություն չի տվել պետությունը: Մեր փոքր հիմնարկը տարեկան 140 հազար դոլար հարկ է վճարում պետությանը, պատկերացնո՞ւմ եք, մեր օգուտը տարեկան կազմում է 10 հազար դոլար ու ինչպե՞ս կարող ենք զարգանալ, ո՞ւր մնաց թե՝ բարձրացնել աշխատավարձերը», – նշել է բանախոսը:
Գործարարն ընդգծել է, որ գազի թանկացման դեպքում փակելու է արտադրությունը ու բիզնեսը տեղափոխելու է Հայաստանից:
«Մեր երկիրը կանգնած է անդունդի եզրին, իսկ ազգը՝ ոչնչացման: Բացի Հայաստանից՝ բոլոր երկրներն էլ համրար են բիզնես ծավալելու համար, դրսում շատ ավելի արդյունավետ կաշխատենք ու շատ արագ կզարգանանք: Ինչո՞ւ էսօր մեր երկիրը չի թողնում այստեղ զարգանանք, այլ ստիպում է գնալ այլ երկրներ: Մեր կառավարությունից ու պրեզիդենտից ուզում եմ պատասխան ստանալ՝ ի՞նչն է խնդիրը: Վերջիվերջո մեր ազգը պիտի իմանա՝ ո՞ւր ենք գնում ու ի՞նչ ենք ուզում: Մենք գնում ենք ոչնչացմա՞ն, թե՞ զարգացման: Զարգացում չկա, ուրեմն ոչնչանում ենք», – եզրափակել է Աբրահամյանը: