Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին:
ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:
Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:
Նախարարները մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:
«Համանախագահները վերահաստատեցին անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:
Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ», – ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: