Հրանտ Մաթևոսյանի եղբոր՝ Համոյի որդուն՝ Թովմա Մաթևոսյանին դանակահարած տեսուչ Տիգրան Մելիքյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, և իրավապահներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել վերջինիս։
Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն։ Դանակահարողի հանդեպ հայտարարվել է հետախուզում։
Մայիսի 15-ի ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկեւոի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել։ Վիճաբանության կողմերն էլ բնապահպանության տեսուչն ու Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանն են եղել։ Պատճառների մասին դեռևս հիմնավոր վարկածներ չկան, սակայն երեկ «Հրապարակին» հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել դեպքի առիթով։ Մասնավորապես, թերթը պարզել է, որ վիճաբանությունը ծավալվել է երկու օր առաջ ոստիկանների կողմից առգրավված մեկ բեռնատար փայտի շուրջ։ Անտառից ոչ օրինական ճանապարհով բեռնատարով փայտ են հանել, ինչն իրավապահների և տեսուչի կողմից հայտնաբերվել է։ Ընդհանրապես, տեղացիների պատմելով, տեսուչն ու անտառապետը հաճախ են վիճել ապօրինի անտառահատումների և փայտը նույն՝ ապօրինի ճանապարհով անտառից տանելու թեմայով։ Եվ հերթական անգամ բացահայտված ծառահատման ու փայտի տեղափոխման գործընթացը հանգեցրել է վիճաբանության, ապաև՝ ողբերգության։