Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի համար անհասկանալի է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե կառավարությունը նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովի նախագահին՝ խնդրելով վերանայել «Հայռուսգազարդ»-ի առաջարկած գազի սակագինը: Այս մասին Մակարյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ի՞նչ է նշանակում վերանայել, նախ՝ փաթեթը նոր է ստացված ու դեռ պետք է ուսումնասիրվի, ի՞նչն ենք վերանայում, երկրորդը՝ հանձնաժողովը անկախ մարմին է, ու իր որոշումը կայացնում է հետազոտությունների հիմնավորումների հիման վրա», – ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ վերանայումը, փաստորեն, կապվում է այն բանի հետ, որ վարչապետը հայտարարում է, թե 30 տոկոս պետք է սուբսիդավորի գազի սակագնի բարձրացումը և դրա հետևանքով հանձնժողովին տեղեկացնում է՝ նկատի ունեցի ինչպիսի գին պետք է դրվի:
«Ես հարց եմ տալիս՝ բացահայտված չէ, թե 30 տոկոս գազի սակագնի սուբսիդավորումը ում է վերաբերում՝ մինչև 10 հազար խ/մ ծախսողի՞ն, թե՞ ընդհանրապես», – հարցրել է բանախոսը՝ շեշտելով, որ խոսքը տասնյակ միլիոն դոլարների մասին է:
Մակարյանը հարց է բարձրացրել, թե որտեղի՞ց է կառավարությունը գտնելու այդ գումարները:
«Տարօրինակ է՝ ո՞ւմ բերանից է կտրելու կամ ինչո՞ւ հավաքված հարկերը, որոնք բյուջեն պետք է օգտագործի տնտեսության զարգացման համար, պետք է ուղղվեն «Հայռուսգազարդ»-ին, որ նա շարունակի էլի իր ուզած գներով վաճառել, իսկ մենք սուբիդավորում ենք», – նշել է բանախոսը:
Նա նաև հիշեցրել է, թե Հայաստանում փորձ կա, որ կառավարությունը չի կարողացել նվազագույն աշխատավարձը 2500 դրամից ավելի բարձրացնել:
«Հազիվ կարողացավ 10 հազար պետական աշխատողի աշխատավարձը բարձրացնել 2500 դրամով, որը կազմել է 760 հազար դոլար: Իսկ «Հայռուսգազարդ»-ը շարունակում է միշտ պահպանել բարձր շահութաբերությունը և այդ շահութաբերության թիվը չի փոխվում: Այդ խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև հանրային հանձնաժողովը կփորձի իրեն տրված ժամանակահատվածում ուսումնասիրել, բայց մեր նման կազմակերպությունները շատ որոշակի են տրամադրված միջամտելու պրոցեսի, ուսումնասիրելու փաթեթը և մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին», -ասել է Մակարյանը:
Նրա խոսքով՝ բոլորը գիտեն «Հայռուսգազարդ»-ի վճարած բարձր աշխատավարձների և իրենց հանգստի համար վճարած բավական մեծ գումարների մասին՝ «իրենք կարծես առանձնահատուկ են մեր երկրում»:
Մակարյանն ընդգծել է, որ այլ երկրների համեմատությամբ Հայաստանում չեն գործածվում ոչ քամու, ոչ արևային էներգետիկան:
«Փորձեցին զարգանալ ջերմաէլեկտրակայանները, բայց դա էլ կախված է գազից: Ստացվում է, որ էներգակիրներից կախած մեր ամբողջ տնտեսությունը գնում է դեպի թանկացում, հետևաբար ավելի էներգատար ոլորտները անպայման գնալու են թանկացման: Հատկապես դա շատ կազդի հանքարդյունաբերության վրա, փոքր ու միջին, ինչպես նաև միկրոբիզնեսի վրա: Հատկապես արտադրությունները՝ հրուշակեղենի, հացամթերքի և այլ էներգակիրների օգտագործմամբ են պայմանավորված՝ անապայման կամ իրենց շահույթի հաշվին ճնշելով պիտի պահեն գինը կամ պետք գինը բարձրացնեն», – ասել է բանախոսը:
Մակարյանի դիտարկմամբ՝ այսօր միգրացիայի արդյունքում ժողովրդի թվաքանակի պակասելը և աղքատության պատճառով գնողունակության անկումն արդեն հարվածել են 10-15 տարվա փոքր բիզներիսներին:
«Գազի թանկացումով մենք հարվածելու ենք այդ բիզնեսների գոյատևմանը: Սպասվում է, որ մարդը ընտրության առաջ է կանգնում՝ կամ իր տունը պետք է ջեռուցի քիչ թե շատ նորմալ, կամ չպետք է ջեռուցի, որ այդ գումարը օգտագործի այլ նպատակների համար: Համալսարաններից մեկի ռեկտորը ամսական վճարում է 1,2 միլիոն դրամ գազի վճար, 67 տոկոս թանկացման դեպքում կսկսի վճարել 2 միլիոն դրամ:Ուսումնական կազմակերպությունը պարտադրված է ջեռուցել, որ ուսանողները գան: Հետևաբար մշակույթի, կրթության, մեր ամենակարևոր սոցիալական ոլորտներում գազի թանկածումը լուրջ խնդիրներ կառաջացնի», -եզրափակել է Մակարյանը: