Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղյակ էր գազի սակագնի բարձրացումից մինչև Հայաստանում ընտրական գործընթացների սկսելը, սակայն, խուսափելով ընտրությունների ընթացքում հանրային դժգոհությունից, այն հրապարակեց միայն քաղաքական նշանակալից իրադարձություններից հետո: Այս մասին ասված է «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ներսիսյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղած նամակում:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վարչապետ, Ձեզ՝ որպես արհեստավարժ ֆինանսիսիտի, հայտնի է, որ բնական գազի սակագնի նման բարձրացումը մեր անվերահսկելի, չկարգավորված և մենաշնորհային «շուկայական» տնտեսության մեջ կհանգեցնի բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների ուղղակի և անուղղակի թանկացման, այդ թվում՝ առողջապահության և կրթության:
Եթե իրապես գնահատենք երկրի բնակչության ճնշող մեծամասնության սոցիալ-տնտեսական վիճակը մոտ ապագայում, ապա այդ բարձրացումը «հավասարազոր է մահվան» բազմաթիվ ընտանիքների համար, որոնք ապրում են թոշակի և նպաստի հաշվին կամ ամսական ունեն մինչև 70 հազ դրամ եկամուտ: Սակայն Հանրապետության սոցիալական և հասարակական կյանքում աղետալի հետևանքներն ավելի շատ տեսանելի կլինեն 3-5 տարի հետո, երբ երկրում չի լինի այն մարդկային ներուժը, որը, գոնե ապագայում փորձի «դուրս հանել» երկրի տնտեսությունն այդ վիճակից:
Ստեղծված իրադրությունում «ստանդարտ» միջոցների կիրառումը, ինչպիսիք են նպաստների և թոշակների ավելացումը, նաև նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացումը, միայն աննշան կերպով կարող են ապահովել բնակչության որոշակի խմբերի ֆիզիկական գոյատևումը. միևնույն ժամանակ դրանք կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի և տնտեսության ստվերային հատվածի ընդլայնմանը:
Պարզ չէ, թե ինչպես պատահեց, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս «Գազպրոմի», անտեսելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը, ցանկացավ կտրուկ բարձրացնել մատակարարվող գազի սակագինը: Եթե դրա նախաձեռնողը «Գազպրոմն» է, ապա անհասկանալի է, թե ինչու երկրի բարձրագույն իշխանությունը չօգտագործեց իր բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ համապատասխան բանակցություններ վարելիս (հիշենք թեկուզ Ուկրաինայի օրինակը):
Հավանական է, որ գազի սակագնի այսպիսի կտրուկ բարձրացման հարցում առաջին հերթին շահագրգռված է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի գերատեսչական շահերն ավելի վեր դասվեցին երկրի բնակչության սոցիալական, հասարակական շահերից:
Իհարկե, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայռուսգազարդի» սույն առաջարկը քննելիս «կհասնի» տոկոսադրույքների որոշակի նվազման, սակայն դա ակնհայտորեն կդիտարկվի որպես «շուկայական տնտեսության խաղ»:
Ճյուղային շահերը «խեղդել են» Հանրապետության տնտեսական և հասարակական շահերը:
Օրինակ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը պայքարում է ուսանողների ուսման վարձերի բարձրացման համար, այն հիմնավորելով՝ Հանրապետության բուհերի դասախոսական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման բարի մտադրությամբ: Հետաքրքիր է, պարոն Աշոտյանը գիտակցում է, թե ինչպիսի՞ վնաս կհասցնի Հայաստանի ապագային՝ սահմանափակելով երկրի մտավոր ներուժի աճը:
Քանի դեռ Կառավարությունը Հանրապետության տնտեսությունը դիտում է ճյուղային տեսանկյունից և գործում բնակչության 10 տոկոսի շահերից ելնելով՝ Հանրապետությունը կմնա նման աղքատ ու թշվառ վիճակում: Մեր երկրի կառավարման համակարգում ոչ մեկն անձնական պատասխանատվություն չի կրում հասարակության առջև՝ ոչ ներկա և ոչ էլ ապագա սերունդների»: