Հայ Ազգային Կոնգրես և իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցություններին երեկվա դրությամբ դեռ չէր հաջողվել համաձայնության գալ Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վիճելի կետի շուրջ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետը չհանվի, Հանրապետականը «դեմ» կքվեարկի այդ որոշմանը:
Վերոնշյալ կետի համաձայն, քրեական գործի վարույթին մասնակցող կամ մասնակցած քննիչները պարտավոր են ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովին պարզաբանումներ տան, մինչդեռ ՀՀԿ-ն առաջարկում է կետ ավելացնել, համաձայն որի քննիչները պարզաբանումներ կարող են տալ միայն սեփական նախաձեռնությամբ:
«Ասում եմ, դա ինչո՞ւ եք գրել, շոուի տեղիք է տալիս, որ ինչ-որ մեկին հրավիրեն, չգա, ասեն՝ հանձնաժողովը որոշեց, չեկավ: Այդ վեճն է հիմա գնում: Մնացած բոլոր հարցերի շուրջ համաձայնվել ենք: Մնացել է այդ մի կետը: Համենայնպեդս, այս պահին համաձայնությունը չի ստացվում», – ասել է Սահակյանը:
ՀԱԿ- ի հեղինակած նախագիծը խորհրդարանում քվեարկության պետք է դրվեր դեռ անցած քառօրյայում: Գալուստ Սահակյանի առաջարկությամբ և Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ որոշվել է քվեարկությունը հետաձգել մինչև մայիսի 20-24-ի քառօրյա, որպեսզի դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում կողմերը համատեղ քննարկումների արդյունքում կարողանային որոշակի համաձայնության գալ:
«ՀԺ»-ն նշում է, որ քննարկումներ եղել են և նախօրեին, և երեկ, դրանք, ըստ ամենայնի, կշարունակվեն նաև այսօր և վաղը:
«Եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, նախագիծը երկուշաբթի օրը դրվելու է քվեարկության»,- գրում է թերթը: