Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Այս մասին ահազանգներ է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ինչպես նշվում է օմբուդսմենի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ, որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց՝ զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից:
Այս կապակցությամբ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում՝ նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»:
Մինչդեռ, համաձայն ՄԻ պաշտպանի գրասենյակի, ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:
«Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:
Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը», – ասված է օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ: